Թե հոգնել ես հաղթահարված
Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով. Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,
Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.
Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։
Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։
Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։